Վեբ-վարպետների մեծ մասը, ավարտուն տեսքի հասցնելով իրենց կողմից մշակված որեւէ վեբ-նախագիծ, որպես վերջինիս քարոզչության (promotion) առաջին քայլերից մեկը, սկսում են իրականացնել այդ կայքի՝ տարբեր ուղեցույցներում (web directories) գրանցելու գործընթացը։ Միեւնույն ժամանակ, նրանք փորձում են կայքը գրանցել նաեւ հանրահայտ որոնող համակարգերում, ինչպիսիք են Google-ը, Yahoo-ն եւ այլն։ Այս հոդվածում մենք Ձեզ կներկայացնենք, թե ինչպե՞ս կարող է ուղեցույցներում եւ որոնող համակարգերում որեւէ կայքի
խելամիտ գրանցման գործընթացը նպաստել վերջինիս հանրաճանաչության եւ վարկանիշի բարձրացմանը։ Մենք հատուկ ենք շեշտադրել ենք «խելամիտ» բառը, քանի որ տարբեր ուղեցույցներում գրանցվելու բավականին ժամանակատար եւ նույնիսկ ձանձրալի գործընթացը կարող է շոշափելի դրական արդյունքի բերել միայն այն դեպքում, եթե այն իրականացվում է ոչ թե քաոսային, զանգվածային եւ հանդիպած բոլոր ուղեցույցներում, այլ նպտակասլաց՝ ըստ հիմնական «թիրախ» խնդիրների։
Սակայն, եկեք նախ պարզենք, թե
ինչո՞վ են իրարից տարբերվում որոնող համակարգերը (Search Engines, SE) եւ վեբ-ուղեցույցները (Web Directories)։ SE-ը մի համակարգ է, որը հնարավորություն է տալիս ըստ որոնվող «բանալի բառերի» համաշխարհային ոստայնում կամ ինտերնետում որոնել եւ գտնել այդ բառերը պարունակող կայքէջերը։ Որոնող հանակարգերը իրենցից ներկայացնում են համակարգչային ծրագրեր (սովորաբար նման ծրագրային փաթեթներն անվանում են crawler), որոնք ինտերնետում հայտնաբերում եւ ինդեքսավորում են առցանց կայքէջերը։ Տարբեր որոնող համակարգեր օգտագործում են տարբեր որոնող ծրագրեր, որոնք էլ հիմնված են կայքէջերի ինդեքսավորման տարբեր ալգորիթմների վրա (հուսով ենք, որ ոչ ուշ ապագայում մեր կայքում կհրապարակվի այս մեթոդների մասին առանձին հոդված)։ Օրինակ, Google-ի որոնող ծրագիրը կոչվեւմ է Googlebot։ Ի տարբերություն որոնող համակարգի, ուղեցույցն իրենից ներկայացնում է հարյուրավոր եւ հազարավոր կայքերի առցանց շտեմարան, որտեղ վերջիններս մուտքագրված եւ խմբավորված են համապատասխան բաժիններում եւ ենթաբաժիններում։ Եթե որոնող համակարգն ավտոմատ կերպով ինդեքսավորում է տվյալ կայքէջը, ապա ուղեցույցը կազմվում է կայքի կառավարչի կամ վեբ-վարպետի անմիջական մասնակցությամբ, որն ընտրում է ինչպես ուղեցույցը, այնպես էլ այն բաժինը եւ ենթաբաժինը, որտեղ ցանկանում է տեսնել իր կայքը։ Ավելին, ուղեցույցի կառավարիչն իր հերթին կարող է անմիջականորեն մասնակցել ուղեցույցի կառուցվածքի եւ պարունակության խմբագրմանը։
Այժմ եկեք պատասխանենք այն հարցին, թե
ինչպիսի՞ օգտակարություն կարող է ունենալ ուղեցույցներում Ձեր կայքի գրանցման գործընթացը։
• Որակյալ եւ բարձր վարկանիշ վայելող ուղեցույցում գրանցումը կարող է Ձեր կայքին պարգեւել «նպատակաուղղված-թրաֆիկ» (targeted traffic)։ Նպատակաուղղված՝ նշանակում է նպատակային, իսկ թրաֆիկի բարձրացում՝ կայքից օգտվողների կամ այցելուների թվի աճ։ Մեկնաբանենք այս կետը կոնկրետ օրինակի վրա։ F5 ուղեցույցը գրանցված է աշխարհով մեկ հայտնի
Google-ի ուղեցույցում (Google Directory)։ Մեր որեւէ մեկը կարող է հանդիպել World > Armenian > Համակարգիչներ բաժնում։ Այստեղ, որպես F5 ուղեցույցի նկարագրություն, մենք ձեւակերպել ենք հետւեյալը. «Հայկական կայքերի և հղումների ուղեցույց՝ խմբավորված ավելի քան 70 բաժիններում և ենթաբաժիններում։ Գրանցումն ազատ է, հետադարձ հղումով։ Թարմացվում է մասնագետների կողմից ամեն օր։ Կայքի գրանցման հաստատումը՝ 2-3 աշխատանքային օրվա ընթացքում։»։ Այսպիսով, որեւէ անձ, եթե հետաքրքրված է Հայկական կայքերով եւ այդ նպատակից ելնելով (եկեք չբացառենք նաեւ պատահական «շրջելը» նույն Google-ում կամ, ընհանուր առմամբ, ինտերնետում) այցելում է World > Armenian > էջը, որտեղ «Համակարգիչներ» բաժնում հանդիպում է մեր կայքի հղմանը եւ նկարագրությանը։ Ընթերցելով այս 1-2 նախադասությունը, նա
նպատակասլացորեն այցելում է F5 ուղեցույցի կայքէջը՝ արդեն իսկ «մտքում ունենալով», թե ինչո՞ւ է այցելում եւ ի՞նչ է ակնկալում ստանալ մեր կայքից (տրամաբանորեն՝ կամ պետք է այցելուն գրանցի իր կայքը, կամ էլ դիտի այլ կայքեր՝ գտնելու իրեն հետաքրքրողը, կամ էլ «թերթի» կայքի տարբեր էջերը՝ ելնելով զուտ հետաքրքրությունից)։ Արդյո՞ք մեր կայքի այս «երեւակայական» այցելուն կբավարարվի կայքում առկա ծառայություններից, սա այլ, ոչ պակաս կարեւոր խնդիր է, որին կարող եք ծանոթանալ մեր մյուս հոդվածներում։ Սակայն այստեղ տեղին է նշել «երեւակայական» այցելուի «երեւակայական» նկարագիրը՝ նա տիրապետում է հայերենին եւ հետաքրքրված է հայկական կայքերով։ Ի՞նչ ունեցանք՝ Google-ի ուղեցույցը F5 ուղեցույցին «փոխանցեց» իր այցելուին։
Այժմ եկեք ենթադրենք, որ F5 ուղեցույցը գրանցված է 100 տարբեր ուղեցույցներում, եւ այս 100-ը միասին վերցրած, օրեկան 10 այցելու են «ուղարկում» դեպի մեր կայք։ Ահա՛ թե ինչպես տարբեր ուղեցույցներում գրանցվելը կարող է մեզ կայուն կերպով «մատակարարել» (մարդկանց իմաստով անհաջող բառ է, սակայն հաջող կերպով արտացոլում է միտքը) այցելուներ, որոնց մի մասն էլ հետագայում կարող է վերածվել F5 ուղեցույցի մշտական օգտագործողներ (սա նույնպես կախված մեր կայքի որակից եւ բովանդակության թարմացման հաճախականությունից)։
Այս քիչ թե շատ հաջողված նկարագրությունից հետո, համոզված ենք, որ դուք լիովին ընկալեցիք, թե ինչո՞ւ է կարեւոր Ձեր կայքը գրանցել
միայն որակյալ եւ բարձր վարկանիշ (Google PageRank) վայելող ուղեցույցներում, որոնք ի սկզբանե ունեն բազմաթիվ օգտագործողներ, իսկ վերջիններս էլ վստահում են ուղեցույցի տրամադրած հղումները։ Ի լրումն, այս կամ այն ուղեցույցի
ամենահամապատասխան բաժնում եւ ենթաբաժնում հանգրվանած մեր կայքը կերաշխավորի, որ այդ ուղեցույցից դեպի մեր կայք այցելած անհատն ի սկզբանե հասկանում է, թե ի՞նչ տեսակի եւ բովանդակության կայք է այցելում (եւ՝ ինչո՞ւ)։
• Որակյալ եւ բարձր վարկանիշ վայելող ուղեցույցները որոնող համակարգերի կողմից սովորաբար ընդունվում են որպես «փորձագիտական շտեմարաններ», որոնցում շատ քիչ հավանական է, որ տեղ կգտնի որեւէ «անորակ» կայք (չմոռանանք, որ նման ուղեցույցներում որեւէ կայքի գրանցման հաստատմանը նախորդում է այդ կայքի փորձագիտական գնահատումը՝ կայքի ավարտուն եւ հստակ կառուցված ունենալը, վարկանիշը, այցելուների թիվը, բովանդակությունը, «չգործող» հղումների առկայությունը եւ այլ գործոններ, իսկ ավելի մեծ ուղեցույցներում պարբերաբար նախաձեռնվում են գրանցված կայքերի շարունակական գնահատում)։ Իհարկե, «փորձագիտական շտեմարան» ասվածը խիստ պատկերավոր է, քանի որ որոնող համակարգն, ի վերջո, պարզապես ավտոմատ գործողություններ իրականացնող ծրագիր է։ Սակայն, պարզվում է, որ նման ծրագրերը բավականին «խելոք» են՝ տարբերելու որակյալն անորակից, եւ անգամ իրականությունը կեղծիքից։
• Բարձր վարկանիշով ուղեցույցներին որոնող համակարգերի կողմից «շնորհվում է» ավելի մեծ թվով էջերի ավելի արագ ինդեքսացիա, իսկ սա նշանակում է, որ, հայտնվելով նման մեկ ուղեցույցում, Ձեր կայքը ստանում է լրացուցիչ մեկ հետադարձ հղում (backlink)։ Դե, պատկերացրեք. եթե Ձեր կայքը գրանցված է 100 ուղեցույցում, որոնցից 20-ը (ենթադրաբար) ունի բարձր վարկանիշ, ապա գրանցվելուց որոշ ժամանակ անց ինտերնետում դուք կհայտնաբերեք Ձեր կայքը՝ որպես այս կամ այն ուղեցույցի այս կամ այն բաժնում առկա հղում։ Ինտերնետում նախ աստիճանաբար կհայտնվեն այս 20, իսկ ամիսներ անց՝ նաեւ մյուս ուղեցույցների Ձեր հղումները։ Այսպիսով, ավտոմատ կերպով (այստեղ Ձեզ անհրաժեշտ կլինի միայն «զինվել համբերությամբ» եւ «ակտիվ» կերպով սպասել՝ օրեցօր բարձրացնել Ձեր կայքի որակը) Ձեր կայքը բարձրացնում է իր հանրաճանաչությունը (link popularity)։
Ի մի բերելով, եկեք հիշենք, որ որակյալ եւ ճիշտ ուղեցույցներում գրանցելը կարող է նպաստել Ձեր կայքի. 1) թրաֆիկի (այցելուների թվի) բարձրացմանը, 2) հանրաճանաչության (հետադարձ հղումների) բարձրացմանը եւ 3) կայքի վարկանիշի բարձրացմանը, ինչը եւ պահանջվում էր Ձեզնից՝ որպես կայքի քարոզչության հիմնական նպատակ։