|
W3C ստանդարտներ
F5-team | 20-08-07
Վերջին մի քանի տարիների ընթացքում որոնող համակարգերի «կայսրերը» կարծես թե ներքին համաձայնության են եկել մեկ կարեւոր հարցի շուրջ՝ որակյալ ինտերնետային կայքը պետք է համապատասխանի W3C ստանդարտներին։
Նախ, պարզենք, թե ի՞նչ է W3C-ը եւ ի՞նչ պահանջմունքներ է ներկայացնում ինտերնետային հանգույց ստեղծող մասնագետների առջեւ։ W3C-ն իրենից ներկայացնում է World Wide Web Consortium-ի հապավումը (W3-ը նույն WWW-ն է)։
Սա ինտերնետային աշխարհի ավելի քան 400 հեղինակավոր անդամներ (այդ թվում՝ բոլոր որոնող համակարգերը, ինչպիսիք են՝ Google, Yahoo, AOL եւ այլն, համակարգչային աշխարհի այլ կազմակերպություններ՝ AT&T, HP, Toshiba եւ այլն) ունեցող մի կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1994 թվականին։ W3C-ի հիմնական առաքելությունն է՝ մշակել կանոններ եւ ստանդարտներ, որոնց հետեւելով, ինտերնետի ոլորտը կզարգանա միայն մեկ ուղղությամբ, իսկ տարբեր կազմակերպությունների կողմից մշակվող ծրագրերը կլինեն իրար համահունչ եւ ներդաշնակ։ Աստեղից կարելի է հետեւություն անել, որ եթե որեւէ ինտերնետային հանգույց իր HTML կամ այլ կոդային կառուցվածքով համապատասխանում է W3C-ի ստանդարտներին, ունեմն այդ կայքը ընդունելի է լինում ինտերնետային աշխարհի հիմնական դերակատարների կողմից՝ նույն Google-ի, Yahoo-ի եւ այլն։
Իրականում W3C-ի ստանդարտներին հետեւելը ինտերնետային անցուդարձը հսկող կազմակերպությունների քմհաճույքը չէ, այլ կարեւոր մի սկզբունք, որը թույլ է տալիս հստակ կարգավորում սահմանել աշխարհի բոլոր ինտերնետային գործարարների համար՝ անկախ նրանց տեղադրությունից եւ գործառնություններից։
Այժմ «իջնենք ներքեւ» եւ տեսնենք, թե ի՞նչ նշանակություն ունի W3C-ի ստանդարտներին հետեւելը մեր՝ հասարակ «մահկանացուներիսւ» համար։ Ավելի պատկերավոր լինելու համար, եկեք մտածենք հակառակ ուղղությամբ՝ ի՞նչ է սպասվում W3C-ի ստանդարտները խախտելու դեպքում։ Իհարկե, Ձեզ ոչ ոք դատի չի տա, սակայն չի էլ ողջունի։ Ստորեւ կնշենք ամենակարեւոր երկու պատճառները.
1. Ձեր կայքը տարբեր ինտերնետային բրաուզերների կողմից չի երեւակվի նույն այն ձեւով, ինչը որ դուք սահմանել էիք էջի կոդավորմամբ։ Օրինակ, Ձեր կայքի այս կամ այն էջը կարող է նորմալ երեւալ FF-ով, սակայն IE-ով նույն այդ էջը կարող է պատկերվել տձեւացած։ Կարծում եմ, ինտերնետային էջ պատրաստող մասնագետներին ծանոթ է տարբեր բարուզերների կողմից նույն էջի տարբեր պատկերման վերոնշյալ երեւույթը։
Տեղին է հիշել, որ այս իմաստով FF-ով էջի դիտումը կայքը ձեւավորողի համար կարող է լինել խաբուսիկ. այս բրաուզերը կարող է «աչք փակել» W3C-ի ստանդարտներից ոչ շատ շեղվող էջերը ցուցադրելիս, սակայն մի մոռացեք, որ դուք ինքներդ որեւէ տեղեկություն չունեք, թե Ձեր էջի հերթական այցելուն ի՞նչ բրաուզերով է թերթելու այդ էջերը։
2. Ձեր կայքի էջերը դժվարությամբ կինդեքսավորվեն կամ ընդհանրապես չեն ինդեքսավորվի հիմնական որոնող համակարգերի կողմից (Google, Yahoo եւ այլն)։ Այս բաժնի մյուս հոդվածներից մեկում մենք արդեն նշել ենք, որ որոնող համակարգերի կողմից որեւէ կայքի էջերի ինդեքսավորման արագությունը եւ ինդեքսավորված էջերի թիվը որոշիչ նշանակություն ունեն այդ կայքի հեղինակության բարձրացման մեջ։ Հակառակ դեպքում Ձեր կայքի էջերը կարող են ընդհուպ մինչեւ չճանաչվել, հետեւաբար՝ չինդեքսավորվել այդ համակարգերի կողմից։ Բոլոր փաստերը խոսում են այն բանի օգտին, որ Google-ի եւ մյուս համակարգերի նման դիրքորոշումն ապագայում կարող են էլ ավելի խստանալ։
Ձեզ ներկայացվեցին W3C-համատեղելիության օգտին վկայող երկու հայտնի փաստարկներ։ Սակայն դրանց թիվն իրականում ավելի մեծ է։ Այնպես որ, հոգ տարեք Ձեր կայքի էջերի ոչ միայն «երեւացող» ձեւավորման, սակայն նույն Ձեր կայքի որակի վրա մեծ ազդեցություն ունեղող «թաքնված» ճիշտ կոդավորման մասին։
|