Այսպես կոչված (եւ հայերեն մի քիչ խորթ հնչող) «սոցիալական էջանշում» (social bookmarking) հասկացությունը ինտերնետի ոլորտում ներդրվել է վերջին մի քանի տարիների ընթացքում։ Այն իրենից ներկայացնում է ինտերնետային որեւէ կայքէջի եւ այնտեղ ներկայացված հոդվածի, գրառման, առաջարկվող այս կամ այն ծառայության կամ ապրանքի եւ այլնի մասին հանրության լայն շերտներին տեղեկացնելու արդյունավետ մեթոդ։ Սոցիալական էջանշման «առաջամարտիկը» հանդիսանում է աշխարհահռչակ
Digg-ը։ Digg-ը ստեղծվել է տարբեր տեսակի նորություններ եւ ընդհանուր առմամբ, որեւէ տեսակի տեղեկատվության մասին «ինտերնետային հանրության» հետ «կիսվելու» հետաքրքիր մի համակարգ, որը գրառում կատարող անհատին հնարավորություն է ընձեռում գրառումից բացի տեղադրել նաեւ այդ տեղեկատվության աղբյուրը՝ որպես հղում։ Այսպիսով, եթե որեւէ կայքի վեբվարպետը կամ կառավարիչը իր կայքում հրապարակում է որեւէ հոդված կամ հետաքրքիր տեղեկություն, ապա նա Digg-ում կարող է ներկայացնել այդ գրառման համառոտ բովանդակությունը՝ հղում կատարելով դեպի իր կայքէջում հրապարակված բնօրինակը։ Եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր ժամ PR=8 վարկանիշ վայելող Digg-ն այցելում են մի քանի հազար կամ տասնյակ հազար այցելուներ, ապա ակնհայտ է, որ վերոնշյալ մեթոդով սեփական կայքը քարոզելու միջոցով հնարավոր է մի կողմից նպաստել կայքի հեղինակության բարձրացմանը՝ ձեռք բերելով որակյալ հետադարձ հղումներ (backlinks), մյուս կողմից մեծացնել կայքի այցելուների թիվը (traffic)։
Digg-ը իր տեսակի մեջ միակը չէ, եւ դուք ինքներդ ինտերնետում կարող եք հանդիպել ընդհանուր նշանակության կամ որեւէ ոլորտում մասնագիտացած նմանատիպ կայքեր։ Վերջին տարվա ընթացքում մեծ տարածում են ստացել նաեւ այսպես կոչված «հոդվածների ուղեցույցները» (article directory) կամ «հոդվածների լրացման» կայքերը (article submission), որոնց էությունը եւ նշանակությունը մոտ է Digg-ին։
Digg-ում կամ մեկ այլ նմանատիպ կայքում որեւէ գրառում (եւ միեւնույն ժամանակ՝ Ձեր կայքի հղումը) տեղադրելուց առաջ, արժե հաշվի նստել մի շարք գործոնների հետ, որոնք թույլ կտան նման մեթոդով Ձեր կայքը քարոզելու գործընթացը դարձնել առավել արդյունավետ.
• Նախ,
Ձեր տեղադրած հոդվածը պետք է լինի Ձեր ստեղծագործությունը՝ մտքերը, մտքերի շարադրման եղանակը եւ, ընդհանուր առմամբ, ամեն ինչ։ Կարիք էլ չկա ապացուցելու, որ այլոց մտքերը Ձեր անվան ներքո տեղադրելը իրենից ներկայացնում է արտագրություն (plagiarism) եւ հայտնաբերվելու դեպքում, կարող է լուրջ վնաս հասցնել ինչպես Ձեր, այնպես էլ այն կայքի հեղինակությանը, որը փորձել էիք քարոզել դուք։
•
Ձեր հրապարակած գրառումը կամ հոդվածը պետք է լինի օգտակար։ Այն պետք է իրենից ներկայացնի նորություն, սակայն այնպիսի նորություն, որին տեղեկանալը այլ անձանց տեսանկյունից լինի օգտակար։ Մեկ այլ օրինակում դուք կարող եք Ձեր հոդվածի ընթերցողների հետ կիսվել այս կամ այն թեմայի վերաբերյալ Ձեր դիտարկումներով, մտահաղացումնեով, անհանգստություններով կամ հմտություննեով։ Հիշե՛ք, որ կախված Ձեր գրառման որակից, դուք կարող եք ձեռք բերել Ձեր կայքի նոր այցելու. հակառակ դեպքում Ձեր հոդվածը դժվար թե ընթերցվի մինչեւ վերջ կամ էլ այդ հոդվածից դժգոհ ընթերցողը ցանկություն չի ունենա այցելելու հոդվածի հեղինակի ներկայացրած ինտերնետային կայքը։
•
Հարգե՛ք անծանոթին եւ նրա ժամանակը։ Եթե Ձեր նպատակը պարզապես Ձեր կայքի հղումը տեղադրելն է, ապա այս նպատակի համար ինտերնետում կարող եք գտնել կայքերի եւ հղումների հազարավոր ուղեցույցներ. էլ ի՞նչ կարիք կա վատնելու թե՛ Ձեր եւ թե՛ Ձեր ընթերցողի ժամանակը։ «Սոցիալական էջանշման» իմաստը օգտակար եւ ոչ թե պարզապես «որեւէ» մտքի մասին ուրշների հետ կիսվելն է։ Ձեզ դրեք այլ այցելուների փոխարեն եւ պատկերացրեք, որ ընթերցելով մի հեղինակի հոդվածի մի քանի տողը, հասկանում եք, որ այս գրառումը կատարվել է «ոտքի վրա» եւ իրենից որեւէ արժեք չի ներկայացնում։ Մի՛ փորձեք «հիմարացնել» դիմացինին, այլապես տուժողը կլինեք միայն դուք, քանի որ դուք կարող եք կորցնել Ձեր կայքի պոտենցիալ այցելուի։ Փոխարենը, դուք կարող էիք գտնել Ձեր կայքի նոր այցելուների։
•
Պատրաստ եղե՛ք Ձեր կայքի այցելուների թվի կտրուկ աճին։ Նախ, տեխնիկական տեսանկյունից, համոզվե՛ք, որ Ձեր սերվերը պատրաստ է «դիմավորելու» արտասովոր մեծաքանակ այցելուների։ Այնուհետեւ, հոգ տարեք այն մասին, որպեսզի առաջին անգամ Ձեր կայքն այցելած անձը բավարարվի իր այցելությամբ եւ հետագայում մշտապես օգտվի Ձեր կայքից։ Սա նշանակում է, որ Ձեր կայքէջերը պետք է հաճախակի թարմացվեն, իսկ այցելուները ստանան ավելին, քան կարող էին պատկերացնել մինչեւ «Ձեզ այցելելը»։