Որոնող համակարգերի նկատմամբ օպտիմալացումը (Search Еngine Оptimization, SЕО) ինքնուրույն գործունեություն է, որի նպատակն է ապահովել հանրահայտ որոնող համակարգերում (հատկապես՝ Google-ում) ըստ ընտրված բանալի բառերի որեւէ վեբկայքի բարձր (առաջատար) դիրք։ SЕО-ն ինտերնետային մարքեթինգի հոմանիշը չէ, ոչ էլ այն իրենից ներկայացնում է գովազդի մեթոդ։ Իրականում, SEO-ն պարզապես ինտերնետային մարքեթինգի միջոցառումներից մեկն է եւ կարծես թե՝ ամենակարեւորներից մեկը։
SЕО-ի սահմանումը ձեւակերպելուց հետո, կարծում ենք, տեղին է ճիշտ հասկանալ այս մեթոդի
նշանակությունը։ Սակայն, մինչ այդ, եկեք հասկանանք որոնող համակարգերի (Search Еngine, SЕ) աճող դերը համաշխարհային ոստայնում։ Եթե մեկ տասնամյակ առաջ SЕ-ն դիտվում էր որպես ինտերնետային հանրության կարիքների համար ստեղծված օժանդակ ծառայություն, որը թույլ էր տալիս ըստ բանալի բառերի համաշխարհային ոստայնում հեշտությամբ հայտնաբերել այս կամ այն կայքը, ապա ներկայումս այն դարձել է ինտերնետի անբաժանելի մասը։ Որոնող համակարգերը, մասնավորապես՝ Google-ը, դարձել են նույն ինտերնետային հանրության վրա ազդելու հզոր միջոց։ Օրինակ, պատկերացնո՞ւմ եք. «web hosting» արտահայտության որոնման արդյունքների առաջին էջում (կամ առաջին քսանյակի մեջ) որեւէ կազմակերպության հայտնվելը արդեն իսկ կարող է այդ կազմակերպությունը երաշխավորել ամսեկան 30,000 ԱՄՆ դոլարի եկամուտ։ Խոսքն այն մասին է, որ հայտնվելով որոնման արդյունքների առաջին էջում, այդ կազմակերպության առեւտրային շրջանառությանը արդեն իսկ կայուն կերպով կաճի՝ ելնելով հաճախորդների եւ պոտենցիալ գնորդների թվի շեշտակի բարձրացմամբ։ Իսկ ահա որոնման արդյունքների 4-րդ կամ 5-րդ էջում հայտնվելն արդեն իսկ որեւէ էական դրական ազդեցություն չի կարող թողնել նույն այդ կազմակերպության գործարար հաջողության վրա։
Այսպիսով, որոնող համակարգը այս կամ այն կազմակերպությանն ապահովում է որոշակի թրաֆիկ (traffic), այսինքն՝ հաճախորդներ (եւ կայքից օգտվողներ)՝ իրենց գումարներով եւ կրեդիտ-քարտերով։ Որքան բարձր է որեւէ վեբկայքի դիրքը որոնող համակարգում, այդքան բարձր է նույն այդ որոնող համակարգի կողմից կայքին (եւ կայքը ներկայացնող կազմակերպությանը) ուղղված թրաֆիկը։ Սովորաբար ինտերնետում որեւէ ապրանք կամ ծառայություն որոնող մարդիկ դիտում են միայն արդյունքների առաջին մի քանի էջը։ Ուստի որոնող համակարգից օգուտ կարող են քաղել միայն տվյալ բանալի բառի որոնմամբ առաջին մի քանի էջում հայտնված վեբկայքերը։ Ելնելով այս իրողությունից, մենք կարող ենք մի քիչ ձեւափոխել SEO-ի վերոնշյալ բնորոշումը եւ սահմանել, ոչ SEO-ն այն մասին է, թե ինչպես կարելի է ըստ որեւէ բանալի բառի վեբկայքը «բարձրացնել» մինչեւ որոնման արդյունքների առաջին էջ (իսկ այդ էջի սահմաններում՝ ապահովել հնարավերինս բարձր դիրք)։
Եթե ուշադրություն դարձրեցիք, ապա SЕО-ի սահմանման մեջ մշտապես շեշտվում է «ըստ բանալի բառի» արտահայտությունը։ Սա նշանակում է, որ չի կարող գոյություն ունենալ SEO՝ առանց բանալի բառի ճիշտ ընտրության։
Բանալի բառ(եր)ը (keyword(s)) հենց այն բառը կամ արտահայտությունն է, ըստ որի Google-ում կամ այլ համակարգում անհատը սկսում է իր որոնումը։ Մյուս կողմից, եկեք չմոռանանք, որ վեբկայքի բոլոր էջերի համար մենք կարող ենք սահմանել մեր այդ էջը հնարավորինս լավագույն բնորոշող բանալի բառերը։ Այս իմաստով, SЕО-ի նպատակն է հնարավորիս համապատասխանացնել ինտերնետից օգտվող անձի կողմից որոնման հնարավոր բանալի բառ(եր)ը՝ մեր կայքէջի բանալի բառեր(եր)ի հետ։ Սա դժվարին եւ ժամանակատար, սակայն լուծելի խնդիր է։ Այս դրույթն ավելի ընկալելի դարձնելու համար բերենք մի օրինակ. եթե դուք այստեղ՝ Հայաստանում ստեղծել եք անգլալեզու կայք, որն այցելուներին առաջարկում է որեւէ X ապրանք, ապա արժե խորությամբ ուսումնասիրել եւ տալ հետեւյալ հարցերի պատասխանները՝
1. Ինչպիսի՞ բանալի բառերից կարող է օգտվել ինտերնետում X ապրանքը որոնող պոտենցիալ գնորդը (կանխատեսում).
2. Իրականում, որոնող համակարգերում (օրինակ՝ Google-ում) միջինը ի՞նչ հաճախականությամբ է օգտագործվում 1-ին կետում Ձեր կողմից կանխատեսված բառերը կամ արտահայտությունները (բառակապակցությունները) առանձին-առանձին վերցված.
3. Երկրորդ կետի մեթոդով, անհրաժեշտ է նաեւ ուսումնասիրել, թե Google-ում միջինը ի՞նչ հաճախականությամբ է օգտագործվում այլ բառերը կամ արտահայտությունները (բառակապակցությունները), որոնք որեւէ տրամաբանական կապ ունեն X ապրանքի հետ.
4. Ելնելով 2-րդ եւ 3-րդ կետերի արդյունքներից (այս երկու փուլերի գործընթացը կկոչվի keyword suggestion), ընտրել այն բառերը, որոնք Google-ում հանդիսանում են լայն որոնման առարկա (այսինքն՝ որոնվում են ամենահաճախակի կերպով), սակայն իրենցից ներկայացնում են ոչ շատ ընդհանրական բառեր եւ լավագույնս են համապատասխանում Ձեր X ապրանքին։ Սա ամենաբարդ եւ ամենախելամիտ լուծումը պահանջող կետն է, քանի որ դուք պետք է մեկտեղեք ինտերնետային ընդհանրությունը եւ Ձեր ապրանքի առնաձնհատկությունը։
Այսպիսով, 4-րդ կետում բանալի բառերի ցուցակից ընտրված բառերը կհանդիսանան Ձեր X ապրանքը ներկայացնող կայքէջի բանալի բառերը, որոնք կարող են բարելավել այդ էջի SE-դիրքը՝ ըստ բանալի բառերի։ Այս ամբողջ գործընթացը կոչվում է բանալի բառերի օպտիմալացում (keywords optimization)։
SEO-ի հաջորդ փուլը որոնող համակարգերի նկատմամբ բուն
կայքէջի օպտիմալացումն է (on-page SEO)՝ տեխնիկական հնարքների մի ամբողջ հավաքածու, որի նպատակն է Ձեր կայքէջն ամենաբարենպաստ ընթեռնելի դարձնելը (բանալի բառերի իմաստով) որոնող համակարգի կողմից։ Ավելի պարզ լեզվով ասած՝ որոնող համակարգը պետք է հեշտությամբ «ճանաչի» Ձեր էջը միլիոնավոր այլ էջերի մեջ եւ հեշտությամբ «յուրացնի» այդ էջը (ավելի կոնկրետ՝ հեշտությամբ «կարդա» էջի տեքստային մասը եւ անպայման հանդիպի այն բանալի բառ(եր)ը, ըստ որի կատարվել էր որոնումը)։ Կայքէջի օպտիմալացման հիմնական տարրերը ներկայացվում են ստորեւ։
1. Որոնող համակարգի կողմից հեշտությամբ ճանաչվող URL-ներ (SE Friendly URL’s) - սա նշանակում է, որ կայքի առանձին էջերի URL-ները պետք է լինեն միեւնույն ժամանակ ե՛ւ հեշտ ընթեռնելի, ե՛ւ պարունակեն օգտակար տեղեկատվություն (լավագույն դեպքում՝ բանալի բառեր)։
Հայկական կայքերի ուղեցույցը կազմված է առանձին բաժիններից եւ ենթաբաժիններից, որոնցից յուրաքանչյուրի URL-ն արդեն իսկ ընդհանուր գաղափար է տալիս էջի բովանդակության մասին։ Օրինակ, «գործարարության» բաժնի էջի URL-ն է՝
http://www.directory.f5blog.com/business/, իսկ այս բաժնի «ինտերնետային հանգույցներինը»՝
http://www.directory.f5blog.com/business/portals/: Ահա Ձեզ SE-friendly URL-ի մի օրինակ: Դե հիմա պատկերացրեք, եթե նույն վերոնշյալ երկու URL-ները ներկայացվեին որպես
http://www.directory.f5blog.com/index.php?c=13 (սա «գործարարության» բաժնի էջի URL-ն է) եւ
http://www.directory.f5blog.com/index.php?c=96 (սա էլ «ինտերնետային հանգույցներ» բաժնի էջի URL-ն է), ինչքանո՞վ այս «ուղիները» ընդունելի կլինեն որոնող համակարգերի կողմից։ Կարծում ենք, ամեն ինչ հասկանալի է՝ առանց լրացուցիչ մեկնաբանությունների։
2. Կայքէջի վերնագրի SE-օպտիմալացում (Title SEO). սա խիստ կարեւոր կետ է, որին կանրադառնանաք առանձին հոդվածով։
3. Կայքէջի մետա-բաժնի SE-օպտիմալացում (Meta Tags SEO)՝ խոսքն առաջին հերթին վերաբերվում է մետա բանալի բառերին (Meta Keywords) եւ մետա նկարագրությունը (Meta Description)։ Սա նույնպես կարեւոր կետ է, որին նվիրված է առանձին հոդված։
4. Կայքէջի տեքստային մասում բանալի բառերի առանձնացում տեքստի մյուս բառերից եւ արտահայտություններից՝ վերնագրերի (Headings, H1, H2 եւ այլն), տառի հաստացման (Bold), թեքման (Italic), որպես հիպերտեքստ ներկայացման (A HREF) եւ այլն։ Կարեւոր է իմանալ, որ այս միջոցով մենք բանալի բառերը ավելի տեսանելի ենք դարձնում ոչ միայն էջն ընթերցող անձի, այլ նաեւ որոնող համակարգի համար։
4. Կայքէջի տեքստային մասում բանալի բառերի բարձր խտության եւ առաջնահերթության ապահովում (Keyword Density and Prominence): Նույն X ապրանքի օրինակով, հիշեցնենք այս երկու դրույթների իմաստը`
ա) բարձր խտության ապահովում՝ «Ձեր դուր կգա մեր ապրանքը» նախադասության փոխարեն՝ «Ձեր դուր կգա X ապրանքը».
բ) առաջնահերթության ապահովում՝ «Ձեր դուր կգա X ապրանքը» նախադասության փոխարեն՝ «X ապրանքն այն է՝ որի կարիքն ունեք հենց դուք»։
SEO ռազմավարության մի առանձին եւ կարեւոր մաս է կազմում այսպես կոչված
հղումների կառուցման SE-օպտիմալացումը (Link Building SEO), որի էությունը միայն այնպիսի հետադարձ հղումների ձեռքբերումն է, որը միայն կնպաստի կայքի վարկանիշի (PageRank) եւ հանրաճանաչության (Popularity) բարելավմանը։ Այս մեթոդի եւ ուղեցույցներում (directory) գրանցման հմտությունների մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ ընթերցելով համապատասխան հոդվածները։ Հղումների կառուցման SE-օպտիմալացումը ներառումն է նաեւ այսպես կոչված հոդվածների ներկայացումը (Article Marketing), կայքի «բլոգավորում» եւ մասնակցությունը այլ՝ Ձեր կայքին մոտ կանգնած բլոգերի անցուդարձին, ֆորումներին եւ այլն։
Ի մի բերելով վերոնշյալը, մեկ անգամ եւս թվարկենք SEO հիմնական փուլերը`
• բանալի բառերի օպտիմալացում.
• էջի օպտիմալացում.
• հղումների օպտիմալացում։