Կայքը կարող է «երջանկացնել» է որոշ մարդկանց, սակայն շատերի համար այն շարունակում է մնալ որպես անշահավետ բիզնես։
Վերջին տասնամյակում առցանց գործարարությունը դարձել է հազարավոր մարդկանց կայուն եկամտի աղբյուր։ Էլ չասենք, որ նրանց փոքր մասը կարողացել է անգամ վերածվել միլիոնատերի։ Վիրտուալ աշխարհը դարձել է հրապուրիչ հազարավոր երիտասարդների համար, որոնք, սկզբում զուտ հետաքրքրությունից ելնելով են ոտք դնում վեբ էջերի ստեղծման ոլորտ, իսկ այնուհետեւ սկսում են լրջորեն մտածել նաեւ առցանց գործարարության մասին։ Եվ սա բնական է. նրանք ժամեր շարունակ գամված են մնում իրենց համակարգիչների առջեւ, ինչո՚՞ւ պետք է այդ ժամերի եւ ջանքերի համար որեւէ եկամուտ չստանան։ Այդ երիտասարդների մի մասը վաղ թե ուշ հասկանում է, որ վեբ աշխարհը ոչ թե սահմանափակվում, այլ ընդամենրը սկսվում է HTML կոդերով։ Նրանք աստիճանաբար հասկանում են, որ առավել կարեւոր է էջի բովանդակությունը, որին նրանք սկզբից որեւէ լուրջ ուշադրություն չէին դարձնում։ Նրանք զգում են, որ առցանց գործարարությունը ամբողջովին ենթարկվում է գործարարություն՝ ընդհանուր առմամբ, բոլոր օրինաչափություններին։ Ուստի, որպեսզի հաջողության հասնեն, նրանք պետք է հետեւեն գործարարության ընդհանուր հիմունքներին եւ այն առանձնահատկություններին, որոնցով օժտված է ինտերնետը։ Իսկ հաջողակ գործարարության ամենաառաջին կանոնը սահմանում է, որ
Ձեր հիմնական նպատակը պետք է լինի Ձեր հաճախորդների կարիքները բավարարելը։
Գործարարության հիմնական կանոնը՝ գործարարության բոլոր հաճախորդները՝ եւ «ներքին», եւ «արտաքին», պետք է գոհ մնան առաջարկվող ապրանքից կամ մատուցված ծառայությունից, պետք է պահպանել նաեւ առցանց գործունեության դեպքում։
«Ներքին հաճախորդները» Ձեր կայքի ստեղծման եւ պահպանման ընթացքում ստեղծված թիմն է՝ դուք, Ձեր անձնակազմը եւ Ձեր գործընկերները։
«Արտաքին հաճախորդները» Ձեր կայքից օգտվող մարդիկ են։ Բոլոր կողմերը՝ դուք, Ձեր անձնակազմը, Ձեր գործընկերները եւ Ձեր կայքից օգտվողները, պետք է բավարարված լինեն Ձեր առցանց գործարարությունից։ Նրանք պետք է հստակ պատկերացնեն, թե ինչո՞ւ են հարաբերվում հենց Ձեր կայքի հետ։ Ձեր անձնակազմը պետք է գոհ լինի այն հանգամանքից, որ աշխատում եւ վաստակում է հենց Ձեր կայքի սահմաններում, գործընկերները՝ Ձեզ հետ գործարք կնքելուց, իսկ կայքից օգտվողները՝ Ձեր կայքն այցելելուց։
Նրանք պետք է ստանան ավելին, քան կարող էին ենթադրել մինչեւ կայքի հետ հարաբերվելը։ Խոսքը միայն դրամական եկամուտների մասին չէ բնավ։ Ձեր կայքից (ընդհանրապես, որեւէ կայքից) օգտվող մարդիկ, այցելելով տվյալ կայքը, ունեն շատ պարզ նպատակ՝ ստանալ որեւէ տեղեկատվություն, օգտվել որեւէ ծառայությունից կամ էլ ձեռք բերել որեւէ ապրանք։ Մի դեպքում Ձեր կայքը կարող է ունենալ զուտ տեղեկատվական նշանակություն (օրինակ՝
Drugs and Addiction-ը ներկայացնում է թմրամիջոցների հիմնական տեսակները, դրանց չարաշահման հետեւանքները եւ վնասի նվազեցման հիմնական միջոցառումնեը), մյուս դեպքում կայքը կարող է առաջարկել միայն որոշ ծառայություններ (օրինակ՝
file.am-ը այցելուներին հնարավորություն է տալիս ստեղծել իրենց անհրաժեշտ ֆայլերի «վիրտուալ» պահոց), իսկ երրորդ դեպքում կայքը կարող է հանդիսանալ «առցանց խանութ»։ Վերջին տարիներին ինտրենետում ի հայտ են եկել նաեւ այսպես կոչված «հանգույցներ» (portal), որոնք մեկտեղում են վերոնշյալ նպատակները՝ ներկայացնում են վերջին նորությունները եւ այլ տեղեկատվություն, առաջարկում են այլ ծառայություններ (սովորաբար՝ downloads) եւ ապրանքներ։ Խոսքն այն մասին է, որ Ձեր կայքից օգտվող մարդիկ երբեւէ չփոշմանեն, որ իրենց ժամանակը նվիրել են հենց Ձեր կայքն այցելելուն։ Սա՝ վատագույն դեպքում։ Իսկ լավագույն դեպքում, նրանք պետք է գոհ մնան Ձեր կայքից օգտվելուց եւ այն աստիճան բավարարված լինեն, որ հետագայում կրկին վերադառնան Ձեր կայք եւ նույնիսկ իրենց մտերիմներին եւ ընկերներին առաջարկեն անպայման այցելել Ձեր կայքը։
Վերոնշյալ միտքը ենթադրում է, որ
Ձեր կայքը պետք է լինի առավելագույնս «հարմարավետ»։ Հեռու չգնանք, պատկերացրեք Ձեզ՝ որեւէ կայքից օգտվելիս։ Ի՞նչը Ձեզ ավելի հարմարավետ կթվա՝ հստակ կառուցված ունեցող եւ մի բաժնից կամ էջից մյուսն անցնելու պարզունակությո՞ւնը, թե խառնաշփոթ եւ քաոսային կառուցվածքից «ճկված» էջը։ Դուք կշարունակե՞ք թերթել որեւէ կայքի էջերը, եթե ամենավերջին նորությունը կամ հոդվածը նույն կայքում հանդիպել էիք օրեր կամ շանբաթներ առաջ։ Ինչ-որ բան կհասկանա՞ք Ձեր կարդացած նյութից, եթե «Ձեր աչքերը մաղում են» տեքստի հարեւանությամբ տեղադրված գունա-անիմացիոն էֆֆեկտները։ Հղումներ, որոնք «տանում են ոչ մի տեղ» կամ հղումներ, որոնք «տանում են ոչ այնտեղ, որտեղ պետք է տանեին», մեծաքանակ կամ աննպատակ pop-up պատուհաններ, որոնցից անգամ «Ձեր համակարգիչն է խորշում» եւ այլն։ Հիշեք, որ Ձեր կայքի ձեւավորումը եւ կառուցվածն առաջին հերթին Ձեր հաճախորդների համար է, եւ ոչ թե Ձեր «ստեղծագործական քմահաճույքները բավարարելու»։ Այս եւ նման «մանրուքները» կարող են նույնիսկ ամենաօգտակար կայքը դարձնել «անցանկալի»։
Մյուս կողմից, Ձեր կայքի էջերում տեղ գտած տեղեկատվությունը պետք է լինի
հավաստի եւ վստահելի, ծառայությունները՝ գործող, իսկ ծրագրերը՝ աշխատող։ Մի մոռացեք, որ Ձեր կայքն այցելող անձը կարող է եւ տեղյակ չլինել Ձեր առաջարկած որեւէ ծառայությունից։ Ինչո՞ւ պետք է նա այցելի մեկ այլ կայք՝ տեղեկանալու այդ մասին։ Նման դեպքերում խիստ օգտական կարող են լինել «Օգնության» կամ «Հաճախակի տրվող հարցերի» բաժինները։ Իսկ «Հետադարձ կապը» միայն սփամ նամակներ ստանալու համար չէ, այլ Ձեր այցելուների հետ կապն իրական դարձնելու։ Իհարկե, ինչպես «բարեւը», այնպես էլ «շնորհակալությունը» եւ «կներեք»-ը Սստծունն են, եւ կարող են Ձեր կայքը «մերձեցնել» նրանից օգտվողներին։ Սրանք նույնպես «մանրուքներ» են, որոնց օգնությամբ Ձեր կապը Ձեր այցելուների հետ դառնում է ավելի մտերմիկ։
Գովազդն, իհարկե, այսօր դարձել է անհրաժեշտություն։ Այսօր գրեթե բոլոր կայքերում կարելի է տեսնել AdSense կամ գովազդային այլ ծառայության վահանակներ։ Բազմաթիվ կայքերի համար հենց AdSense-ն է հանդիսանում եկամտի միակ աղբյուրը։ Սակայն պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Ձեր կայքի որեւէ էջի սահմաններում գովազդային դաշտերը պետք է լինեն խելամիտ չափսի եւ չվնասեն էջի ընդհանուր տեսքը։ Չէ՞ որ Ձեր կայքից օգտվող անձն ամենեւին նման գովազդներին ծանոթանալու համար չէ, որ այցելել է Ձեր կայքը։
Գովազդը պետք է լրացնի Ձեր էջի բովանդակությունը, համապատասխանի էջի ընդհանուր ձեւավորմանը, սակայն երբեք չդառնա գերիշխող տարր։
Ամփոփենք. Ձեր կայքը կհամարվի հաջողված եւ կսկսի Ձեզ եկամուտ պարգեւել միայն այն դեպքում, եթե հաճախորդների մեծամասնությանը տրամադրի ավելին, քան նրանք ցանկանում էին ստանալ եւ եթե առավելագույնս բավարարվի նրանց կարիքները։