Այս նախապատմությունը թույլ կտա ինտերնետային աշխարհ նոր ոտք գրած երիտասարդներին հիշել, որ որեւէ շոշափելի հաջողության հասնելու գրավականը գիտելիքն է, փորձառությունը եւ աշխատասիրությունը։ Երբ ընդամենը 10 տարի առաջ, 1997-ի վերջերին Google-ը ոտք դրեց ինտերնետային որոնման համակարգերի շուկա, վերջինս վաղուց արդեն «նվաճվել էր» այդ տարիներին իրենց կամքը թելադրող մի քանի հզոր կազմակերպությունների կողմից՝ Altavista, HotBot, Excite, Infoseek եւ Lycos։ Սակայն ընդամենը մի քանի տարվա ընթացքում Google-ը նախ իրեն ապահովեց այդ շուկայում իր «համեստ», սակայն հաստատուն տեղը, 2000-ին սկսեց «իր ուժերը չափել» այն ժամանակվա հզորագույն Yahoo-ի հետ, իսկ ներկայումս դարձել է որոնող համակարգրերի «արքան»։ Եվ այս ամենն ընդամենը 10 տարվա ընթացում…
Google-ի դափնիները թողնենք նրա հաջողությունները նախագծողներին, իրականացնողներին, ինչպես նաեւ փորձագետներին։ Ժամանակները փոխվել են, եւ ներկայումս ինտերնետում կայք կառավարող յուրաքանչյուր քիչ թե շատ այդ շուկայից տեղյակ մասնագետն ինքն է փորձում հնարավորինս կայուն տեղ ստանալ Google-ի համաշխահային տրաֆիկում։ Այլ կերպ ասած, Google-ում ստանալ բարձր կարգավիճակ։ Վերջերս հայկական հանրահայտ
ֆորումում այս հանգույցի կառավարիչը` հարգարժան Լյուդվիգն ուրախությամբ նշել էր, որ Google-ում “Armenian Links Directory” արտահայտությունը որոնելիս
իր կայքը զբաղեցում է առաջին տեղը։ Հավատացեք, որ սա իրոք ուրախանալու առիթ է տալիս, որովհետեւ Google-ում “Armenian Links Directory” արտահայտությունը որոնող ցանկացած անձ որոնման արդյունքների առաջին էջում, եւ այդ էջի ամենավերին հորիզոնականում տեսնում է այս կայքն իր հղումով։ Իսկ սա նշանակում է, որ Google-ը մեծ հավանականությամբ իր համակարգում “Armenian Links Directory” բառակապակցությունը որոնող անձնաց զգալի մասին «ուղարկում է» webmasters.am։ Ընկալեցի՞ք։ Փաստորեն, նույն Google-ը կարող է օգնել ցանկացած հաջողակ կայքի՝ էլ ավելի բարձրացնելու իր այցելուների թվաքանակը, որն էլ անվերպահորեն կբարելավի այդ կայքի ընդհանուր վարկանիշը, հնարաճանաչությունը եւ, ի վերջո, շուկայական գինը: Այո, ես չեմ սխալվում՝ շուկայական գինը։ Փորձեք գնել որեւէ հանրաճանաչ կայք եւ կտեսնեք, որ այն ավելի էժան չէ բնավ, քան թանկարժեք մեքենաները կամ մոսկովյան բնակարանները։ Էլ չենք անդրադառնում բարձր վարկանիշ վայելող կայքերի կողմից նույն Google-ի AdSense եւ գովազդային այլ նախագծերի կողմից ստացվող կայուն եկամուտներին։
Ահա՛ թե ինչու է մեր ժամանակներում այդքան կարեւորվում Google-ի հետ հաջող փոխհամագործակությունը: Եվ սա՛ է պատճառը, որ բոլոր վեբ-վարպետներն էլ ձգտում են Google-ի առաջին էջերում տեսնել իրենց կայքը, կամ, որն ավելի գրավիչ է, իրենց կայքի ոչ միայն գլխավոր, այլ նաեւ մյուս էջերը։
Այժմ անդրադառնանք այս հոդվածի վերնագրին. իսկ հնարավո՞ր է արդյոք Google-ի կողմից ստանալ բարձր կարգավիճակ։ Իհարկե հնարավոր է (հիշեք նույն Google-ի օրինակը), սակայն դա Ձեզնից կպահանջի ժամանակ եւ ամենօրյա տքնաջան աշխատանք։ Ստորեւ կներկայացվեն մի քանի հմտություններ, որոնց կյանքի կոչելը մեծապես կօգնի Ձեզ՝ ավելի արդյունավետ դարձնել Google-ում Ձեր կայքի կարգավիճակի բարելավմանն ուղղված աշխատանքները։ Սակայն ցանկանում եմ անմիջապես ընդգծել. դուք Ձեր կայքը ստեղծել եք այդ կայքի այցելուների, եւ ոչ թե Google-ի համար։ Իսկ Google-ում բարձր կարգավիճակ ստանալը դարձյալ պետք է Ձեր կայքից օգտվող մարդկանց թիվն ավելացնելու համար։ Հիշեք եւ մեկընդմիշտ պահպանե՛ք այս կանոնը, եւ դուք հաստատ կշահեք։
1. Փորձե՛ք գրանցել Ձեր կայքը հանրահայտ բաց ուղեցույցների նախագծում (Open Directory Project, DMOZ)։ Նախ, DMOZ-ը պարունակում է առանձին բաժին՝ հայալեզու կայքերի համար։ Երկրորդ՝ Google-ը «վստահում է» այս ուղեցույցին եւ նրանում տեղ գտած հղումներին։ Ավելին, Google-ը օգտվում է DMOZ-ի շտեմարանից։ Երրորդ՝ այն ձրի է։ Սա նույնպես կարեւոր հանգամանք է, հատկապես նոր ստեղծվող կայքերի համար։ Հիշե՛ք գրանցվելուց առաջ հոգ տանել Ձեր կայքի նկարգրության եւ այլ նրբությունների մասին (տե՛ս ստորեւ), քանի որ մեկ անգամ գրանցվելուց հետո այն խմբագրելը դժվարին խնդիր է։ Եթե Ձեր դրամական միջոցները ներում են, ապա կարող եք նաեւ անմիջականորեն գրանցվել Google-ի ուղեցույցում (Google Directory) կամ այլ հանրահայտ ուղեցույցներում։
Բերեմ հենց մեր կայքի օրինակը։ DMOZ-ում գրանցվելուց հետո, F5 directory-ն ավտոմատ կերպով ներառվեց տասնյակ այլ ուղեցույցներում, եւ կտրուկ բարձրացավ Google-ում ինդեքսավորված էջերի թիվը։
Իսկ արդյո՞ք կա երաշխիք, որ Ձեր կայքը կընդունվի եւ կընդգրկվի DMOZ-ի կողմից։ Մի բան հաստատ է. եթե կայքն ունի ավարտուն կառուցվածք, հստակ եւ օգտակար բովանդակություն, եւ, վերջապես, համապատասխանում է DMOZ-ի այլ պահանջներին, ապա մեծ հավանականությամբ այն կընդունվի։
2. Փորձե՛ք հետեւել Google-ի սահմանած էջի օպտիմալիզացման սկզբունքներին, որոնցից ամենահիշարժանները ներկայացվում են ստորեւ։
• Էջի մետա-վերնագիր (Meta-title). լավագույն տարբերակն է՝ կազմված է 3-5 բառից, պարունակում է Ձեր էջի բանալի բառ(եր)ը (keywords), նույն բառը չի կրկնվում, լավագույն կերպով բնութագրում է ամբողջ էջի բովանդակությունը։
• Տեքստի վերնագրեր (Headings). լավագույն տարբերակն է՝ բանալի բառ(եր)ը ներկայացված են H1 եւ H2 վերնագրերում եւ հանդիպում են էջի սկզբնամասում։
• Տեքստում բանալի բառ(եր)ի խտություն (Density). լավագույն տարբերակն է՝ բանալի բառ(եր)ը խելամիտ կերպով կրկնվում են տեքստում այնպես, որ տեքստը չի կորցնում իր բովանդակությունը եւ այցելուների համար գրավչությունը։
• Հատուկ բառեր (Special words). լավագույն տարբերակն է՝ բանալի բառ(եր)ը խելամիտ կերպով ներկայացվում են որպես հղումներ (link text) կամ հաստ տառաձեւեր (bold)։ Google-ի որոնող համակարգը ամբողջ տեքստից նման կերպով առանձնացված բառերին ավելի մեծ ուշադրություն է դարձնում։
• Էջի մետա-տեգեր (Meta tags). Google-ի որոնող համակարգը սրանց ավելի քիչ ուշադրության է արժանացնում, քան Yahoo-ն։
3. Պարբերաբար զբաղվե՛ք Ձեր կայքին ուղղված որակյալ հետադարձ հղումներով (backlinks)։ Այս մասին ավելի մանրամասն ներկայացված է մեր կայքի մեկ այլ
հոդվածում, այնպես որ կարելի է միայն ընդգծել, որ անհրաժեշտ է հոգ տանել ոչ միայն հետադարձ հղումների քանակի, այլ նաեւ դրանց «կշռի» վրա`
• ի՞նչ վարկանիշ վայելող էջում է տեղադրված Ձեր կայքին ուղղված հղումը.
• որքանո՞վ է այդ էջն իր բանալի բառերով համապատասխանում Ձեր կայքին.
• արդյո՞ք Ձեր կայքի գլխավոր էջերից բացի մյուս էջերն էլ են ստացել հետադարձ հղումներ։
4. Գրանցվե՛ք Google-ի էլ. փոստային ցանցում (Gmail) եւ հարակից ծառայություններում։ Սա ոչ միայն Ձեզ հնարավորություն կտա ստանալ Google-ի անվճար էլ. փոստի հասցե եւ օգտվել վերջինիս օրեցօր աճող հնարավորություններից, այլեւ, օգտագործելով նույն Ձեր ծածկանունը եւ գաղտնաբառը, մուտք գործել Ձեր անձնական հաշիվ, գրանցել Ձեր կայքը, օգտվել տարբեր օգտակար գործիքներից (AdSense, AdSearch, Webmaster Tools, Web Analytics, Blogger եւ այլն)՝ Ձեր կայքի ինդեքսավորումը բարելավելու, կայքի ակտիվությունը վերահսկելու եւ տարբեր այլ գործողություններ իրականացնելու համար։ Խոսքս ավարտեմ մեկ օրինակով. Google-ի որոնող վահանակը Ձեր կայքում տեղադրելով, դուք կարճ ժամանակի ընթացում Google-ին ստիպում եք «հիշել» Ձեր կայքի էջերի մասին։