|
Հետադարձ հղումների օգտակարությունը
F5-team | 26-07-07
Սեփական ինտերնետային հանգույցին ուղղված հետադարձ հղումների (backlinks) ստեղծումը երեւի թե կայքի քարոզչության ամենատարծված եւ միեւնույն ժամանակ արդյունավետ եղանակ է, որի հիմքում ընկած է պարզունակ մի սկզբունք՝ դուք Ձեր կայքում տեղադրում եք իմ կայքին ուղղված հղումը, իսկ ես իմ հերթին իմ կայքում տեղ եմ հատկացնում Ձեր կայքի հետադարձ հղման համար, եւ արդյունքում երկուսս էլ կարող ենք շահել։ Թե ինչպես, դարձյալ դժվար չէ կռահել. իմ կայքից օգտվողները կարող են հետեւել Ձեր կայքի հղմանը եւ այցելել Ձեր կայքը, իսկ հակառակ ուղղությամբ, Ձեր կայքը կարող է ինձ ապահովել լրացուցիչ այցելուներ։
Սակայն հետադարձ հղումների փոխանակման ռազմավարությունն այնքան էլ պարզունակ չէ, որքան կարող էին Ձեր մոտ տպավորություն ստեղծել վերոնշյալ տեղերը։ Այն ունի նաեւ իր «գաղտնիքները», եւ ոչ միշտ է, երբ ինտրենետային այս կամ այն հանգոււյցը կարող է հաջողության հասնել (այսինքն՝ այցելուների թվի, կամ, ինչպես ընդունված է ասել, տրաֆիկի (traffic) աճ տալ) միայն հետադարձ հղումների փոխանակման շնորհիվ։ Տեղին է հիշեցնել, որ հետադարձ հղման մոտեցումը իրենից ներկայացնում է միայն անհրաժեշտ մեթոդներից մեկը, եւ առանձին վերցրած, չի կարող այս կամ այն կայքին բարձր հեղինակություն եւ հանրաճանաչություն պարգեւել։
Առաջին հարցը, որ կարող է ծագել կայքի կառավարչի (webmaster) գլխում այն է, թե որտեղի՞ց գտնել հետադարձ հղումների նման մեթոդով հետաքրքրված եւ հենց իր կայքի հետ գործընկերության ցանկություն ունեցող մեկ այլ կայքի կառավարիչ։ Ենթադրենք, թե նման քայլի ցանկանում եք դեմել հենց դուք։ Այս հարցի պատասխանը Ձեզնից կպահանջի, որպեսզի դուք ինքներդ Ձեզ հարց տաք. իսկ ինչո՞ւ պետք է դիմացինը ցանկություն հայտնի իր կայքում տեղադրելու հենց Ձեր կայքը։ Չէ՞ որ դուք առաջին մարդը չեք, որ դիմում եք նրան նման առաջարկությամբ։ Այլ կերպ ասած՝ Ձեր կայքի ընթացիկ եւ ակնկալվող վարկանիշը, հեղինակությունը, արտաքին ձեւավորումը, բովանդակությունը, տեղեկատվության մատուցման որակը եւ այլ առանձնահատկություններ պետք է հնարավոր գործընկերոջ մեջ վստահություն առաջացնեն, որ հղումների նման փոխանակումից նա միայն կշահի։ Ինչո՞վ. դե իհարկե, այցելուների հոսքով Ձեր կայքից դեպի իր կայքը։
Երկորոդ կարեւոր պահն այն է, որ Ձեր եւ Ձեր ապագա գործընկերոջ կայքերի ընդհանուր նպատակները պետք է լինեն մեկմեկու փոխլրացնող։ Այլ խոսքերով ասած, Ձեր եւ Ձեր գործընկերոջ կայքերը պետք է իրար հետ կապված լինին ոչ միայն հետադարձ հղումների միջոցով, այլ՝ նաեւ տրամաբանությամբ. ներկայացնեն նույն կամ համանման խնդիրները, ինչպես նաեւ ուղղված լինին նույն կամ նմանատիպ լսարանին։ Օրինակ, պատկերացրեք, թե ինչպիսի արդյունավետ համագործակցություն է սպասվում այն երկու կայքերի միջեւ, որոնցից մեկն իր այցելուներին առաջարկում է ինտերնետային էջի ձեւավորման, իսկ երկրորդը՝ ինտերնետային հանգույցի քարոզչության ծառայություն։ Եւ հակառակը, այս երկուսից եւ ոչ մեկի համագործակցությունը ավտոմեքենայի մարտկոցներ ներմուծող 3-րդ կազմակերպության հետ կարող է պսակվել հաջողությամբ։
Այս խնդիրը մեծ դժվարություններ է ստեղծում հատկապես հայալեզու կայքերի համար, որոնցից մեկն էլ մեր անձնակազմի կողմից ստեղծված f5blog.com-ն է։ Անգլերեն տեքստի դեպքում ամեն ինչ պարզ է՝ որպես ընդհանուր բլոգային կայք, մեզ անհրաժեշտ կլիներ հետադարձ հղումների փոխանակում կատարել այլ բլոգերի հետ կամ գրանցվել այնպիսի ինտերնետային ուղեցույցներում (web directories), որոնք մասնագիտական բնույթ են կրում եւ իրենց շտեմարանում գրանցում են հիմնականում բլոգեր (իսկ հակառակ դեպքում կարելի էր ընտրել «ինտերնետ» > «բլոգ» > «ընդհանուր» բաժինը)։ Որպես հայալեզու կայք, մենք ստիպված ենք եղել հետադարձ հղումների համար դիմել միայն սակավաթիվ հայալեզու կայքերի ղեկավարներին, իսկ անգլալեզու ուղեցույցներից գրանցվել միայն այն կայքերում, որոնց բաժիններում առկա է «Հայաստանը»։
Սովորաբար ավելի շատ հակված են փոխադարձ հղումներով միմյանց միջեւ հետադարձ կապեր ստեղծել միանման վարկանիշով (page rank) կամ վարկանիշներով եւ հեղինակություններով իրարից քիչ տարբերվող կայքերը։ Սակայն, եթե դուք իրոք ստեղծել եք որակյալ եւ մոտ ապագայում վարկանիշի բարձրացման միտում ցուցաբերող կայք, ապա նույնիսկ հեղինակավոր կայքերը կարող են ցանկություն հայտնել իրականացնել հետադարձ հղումների փոխանակում։ Հիշեք, որ, այս իմաստով, չափազանց կարեւոր գործոն է հանդիսանում Ձեր կայքից օգտվող անձանց օրեկան թվաքանակը. չէ՞ որ, ինչպես նշվել է վերեւում, Ձեր գործընկերոջ վերջնական նպատակը Ձեր կայքում իր կայքին ուղղված հղման առկայության պարագայում իր կայքից օգտվող անձանց թվաքանակի բարձրացումն է՝ նաեւ Ձեր կայքի «համեստ», սակայն կայուն աջակցությամբ։
Այսպիով, կարելի է եզրահանգել, որ հետադարձ հղումների կառուցման ռազմավարությունը կարող է հաջողությամբ կիրառվել որպես Ձեր կայքի քարոզչության եղանակ, սակայն, որպես կարեւոր քայլ, այն պահանջում է նպատակի, խնդիրների, մեթոդների եւ ժամանակացույցի ճիշտ նախագծում, միջոցառումների հնարավորինս անվրեպ իրականացում, ինչպես նաեւ ամբողջ ընթացքի եւ արդյունքների մշտական հսկողություն՝ շտկումներ կատարելու կամ առկա հաջողություններն էլ ավելի զարգացնելու համար։
|